вторник, 9 февраля 2016 г.

Մանկությունս Թումանյանի հետ

 

Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները փոքրուց ինձ համար կարդացել են: Փոքր ժամանակ շատ էի սիրում, որ պապիկն էր ինձ օրորում, որովհետև պապիկը միշտ հեքիաթներ էր պատմում: Իսկ ես մի հեքիաթով բավարարվողներից չէի: Ճիշտ է պապիկիս երևակայությունը հասնում էր իմ քնել չուզելու ցանկության աստիճանին, դրա համար էլ լեզու էինք գտնում:
Պապիկս ինձ նաև Թումանյանից էր հեքիաթներ պատմում(«Մի կաթիլ մեղրը», «Խելոքն ու հիմարը», «Չարի վերջը»...) ու ես չէի կշտանում հեքիաթներից: Հետո երբ դպրոց գնացի, երևի երկրորդ կամ երրորդ դասարանում էի, որ մայրիկն  ասաց` ամառային արձակուրդին կարդամ Թումանյանի հեքիաթների գիրքը, կարմիր գիրքը։ Ու մինչև հիմա հենց ձեռքս է ընկնում,  մանկությունս գալիս է աչքիս առաջ:
Ես սկսեցի կարդալ, բայց չուզելով, որովհետև մայրիկը  խիստ տոնով էր ասել: Առաջին կարդացածս հեքիաթը  «Ճամփորդներն» էր: Էնքան ուրախացա, երբ մի օր իմացա, որ դպրոցում հանդես է լինելու, իսկ ինձ «Ճամփորդներ» հեքիաթի աղվեսի դերն են  տվել: Հետո կարդացի «Պոչատ աղվեսն» ու ամեն օր «Պոչատ աղվեսն» անընդհատ... Մեկ էլ հիվանդացա, մի քանի ամիս դպրոց չէի գնում, էս անգամ հայրիկն ասաց ,- Կուզե՞ս «Պոչատ աղվեսը»  կարդամ: Հայրիկը մի օր, երկու օր «Պոչատ աղվեսն» էր կարդում,  ես էլի էի խնդրում, որ «Պոչատ աղվեսը»  կարդար ու ուրախանում էի: Էնքան շատ էր ինձ համար կարդացել, որ մինչ կարդալը ես արդեն ասում էի  սենց ա չէ՞ լինում, հետո սենց, չէ՞, այ սենց ու որոշեցինք մենք հորինենք հեքիաթի ընթացքը, ինչ հավես էր, ինչ երջանկություն էր: Հիմա եմ հասկանում, որ հայրիկն էլ էր «Պոչատ աղվեսը»  սիրում, ու հենց հիշում ենք մանկությունը, հայրիկն ասում է.
- Մայրուկ, կուզե՞ս «Պոչատ աղվեսը» կարդանք:
Իրականում Թումանյանի հեքիաթները բոլոր հասակի մարդկանց համար են, տարբեր տարիքներում տարբեր կերպ կարող ես ընկալել:

1 комментарий: